Հայաստանում ձևավորվելիք ՀՖՀ շրջանավարտների ցանցը կմիանա «Ֆրանս Ալյումնի» համաշխարհային ցանցին
ՀասարակությունՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունեցին ՀՖՀ ավելի քան 200 շրջանավարտների:
Ֆրանսիական համալսարանի ստեղծումից` 1995թ-ից ի վեր, սա ՀՖՀ նախկին շրջանավարտների նման մասշտաբի առաջին հավաքույթն էր:
«Իր գոյության 15 տարիների ընթացքում համալսարանը տվել է 1456 շրջանավարտ: Դուք ձևավորել եք մի համայնք, որը նպաստում է Հայաստանում ֆրանսիական մտածելակերպի տարածմանը»,- նշեց դեսպան Շարպանտյեն:
Նրա խոսքով` հայաստանյան նախաձեռնությունը ներգրավվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից ստեղծված ֆրանսիական համալսարանների շրջանավարտների համաշխարհային ցանցի` «Ֆրանս Ալյումնիի» մեջ, որը ձևավորվել է 2014թ-ին և այսօր ունի արդեն շուրջ 36000 անդամ:
Հայաստանի ֆրանսիական համալսարանը, որը ֆրանսիական դիպլոմներ է շնորհում իրավաբանություն, ֆինանսներ, կառավարում, մարքեթինգ մասնագիտություններում այս տարի ունի 1100 ուսանող: Աշխատաշուկայում ՀՖՀ շրջանավարտների ներգրավման միջին տոկոսը կազմում է 81.4: Նախկին շրջանավարտներից շատերն այսօր գրավում են բարձր պաշտոններ Հայաստանի գերատեսչություններում և խոշոր ձեռնարկություններում: