Հունգարիայում դադարեցվել է ընդդիմադիր խոշորագույն թերթի տպագրությունը
ՀասարակությունՀունգարիայում դադարեցվել է ընդդիմադիր խոշորագույն թերթի՝ Nepszabadsag-ի («Ժողովրդական ազատություն») տպագրությունը: Թերթի ներկայացուցիչները հայտնել են, որ դա պայմանավորված է տնտեսական պատճառներով: Թերթի սեփականատիրոջ ներկայացուցչի խոսքով՝ Nepszabadsag-ի հրատարակումը դադարեցնելու որոշումը կգործի մինչեւ նոր հայեցակարգի մշակումը եւ իրականացումը: DW-ի փոխանցմամբ՝ Nepszabadsag-ը դադարել է հրապարակվել, չնայած երկրում ամենալավ վաճառվող թերթն էր:
Թերթի հրապարակման դադարեցումը «մամուլի համար սեւ օր է», հայտարարել են Հունգարիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները: Նրանք նաեւ կոչ են արել բողոքի ակցիա անցկացնել թերթ խմբագրության շենքի մոտ: Ակցիային 2000 մարդ է հավաքվել: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը թերթի փակումը «տագնապահարույց նախադեպ է» անվանել եւ իր համերաշխությունն է հայտնել հունգարացի ցուցարարներին:
Թերթը քննադատում էր երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գործունեությունը, մասնավորապես՝ ԵՄ երկրներում փախստականներին ընդունելու հարցով վերջին հանրաքվեն: Օրբանի քննադատները նրան մեղադրում են, որ ցանկանում է հունգարական լրատվամիջոցները վերածել իր կառավարության «խոսափողի»: Մասնավոր անձանց պատկանող որոշ լրատվամիջոցներ վերջին շրջանում վաճառվել էին օլիգարխներին, որոնք չեզոք են պաշտոնական Բուդապեշտի հանդեպ: Լուրեր են տարածվում, որ Nepszabadsag-ը եւս կարող է վաճառվել Օրբանի համախոհներից մեկին: Ներկայիս սեփականատերը ավստրիական Mediaworks կոնցեռն է, որն այս լուրերը չի մեկնաբանել: