Կարող է սխալմունք է եղել, կատարվածը չեմ կապում իմ գործունեության հետ. «Վանաձոր» ՔԿՀ պետը՝ իր մեքենան պայթեցնելու մասին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը կարծում է, որ շփոթմունքի պատճառով են պայթեցրել իր մեքենան։
«Էդ հարցերով զանգեք միլիցիա կամ մեր լրատվական, ես տանը չեմ եղել էդ ժամանակ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա անդրադառնալով այս գիշեր իր «Նիվա» մակնիշի մեքենան պայթեցնելու փաստին։
Մեր դիտարկմանը, թե հնարավոր է, որ տեղի ունեցածը ՔԿՀ պետին ուղղված մեսիջ էր, եւ արդյոք նա թշնամիներ ուներ, Գեւորգ Մկրտչյանը պատասխանեց. «Եթե դուք ինձ ճանաչեիք, կհասկանայիք, որ թշնամիներ չունեմ: Կատարվածը չեմ կապում նաև իմ գործունեության հետ... կարող է ինչ-որ սխալմունք է եղել: Քննություն է կատարվում, իրենց դիմեք»,-ասաց «Վանաձոր» ՔԿՀ պետը։
Այս գիշեր անհայտ անձինք փորձել են պայթեցնել «Վանաձոր ՔԿՀ» պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գեւորգ Մկրտչյանին պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:30-ի սահմաններում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ անհայտ անձը պայթուցիկ է տեղադրել «Նիվայի» տակ, ինչի պայթելու հետեւանքով վնասվել է «Նիվայի» դիմապակին ու անիվը: Այն կայանված է եղել պատշգամբի տակ:
Դեպքի պահին մեքենայում մարդ չի եղել, տուժածներ չկան։