Բաքու 2015-ին մասնակցելու վերջնական որոշում կկայացվի մարզիկների և մարզիչների հետ քննարկումներից հետո. Գագիկ Ծառուկյան
Ես, որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ , համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք 2015 թվականի Եվրոպական օլիմպիական խաղերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Գագիկ Ծառուկյանը նաև հավելեց, որ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար քննարկումներ են ընթանալու մարզիկների, մարզիչների և պատասխանատու կառույցների հետ: ՀԱՕԿ նախագահի տեսակետի հետ համամիտ էին նաև ասուլիսին ներկա Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն. «Ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը: Շատ կարևոր է, որ մարզիկներն իրենց տեսակետն արտահայտեն, քանզի Եվրոպական օլիմպիական խաղերը շատ կարևոր իրադարձություն են մարզիկների համար»: Թոմաս Բախն էլ իր հերթին կարևորեց մարզիկների հետ քննարկումները և բարձր գնահատեց նման որոշումը:
Գագիկ Ծառուկյանը Թոմաս Բախին հորդորեց ադրբեջանցի իր գործընկերոջը հաղորդել, որ սպորտը միշտ եղել է համերաշխության դեսպան և հարևան երկրները սպորտի ոլորտում պետք է հանդես գան խաղաղ պայմաններում: