Օրեր առաջ Վրաստանի Քոբուլետի ծովափնյա քաղաքում կայացել է միջազգային խոշոր պարային փառատոն, որին մասնակցել են պարային խմբեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից և այլ երկրներից: Փառատոնը տևել է չորս օր, ընդհանուր առմամբ ներկայացվել է 120 պարային կատարում:
Orer.am-ը տեղեկացավ, որ փառատոնում անվիճելի հաղթանակ է տոնել Հայաստանը ներկայացնող Նոյեմբերյան քաղաքի մարզամշակութային կենտրոնի ՛՛Սոսե՛՛ պարային համույթը:
Խմբի գեղարվեստական ղեկավարն է Կարինե Ջիլավյանը, ում տքնաջան աշխատանքի շնորհիվ Նոյեմբերյանի և Հայաստանի անունը հնչում է միջազգային ամենահեղինակավոր պարային ամբիոններից:
Սա, ի դեպ, Նոյեմբերյանի թիմի առաջին հաջողությունը չէ. անցած տարի մեր երեխաները կրկին հաղթանակած վերադարձան նմանատիպ փառատոնից, իսկ մեկ ամիս առաջ հանրապետության հեղինակավոր ՛՛Նազանք՛՛ փառատոնում կրկին գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը: