Գվարդիոլա. Եթե չհանդիպեի Կրոյֆին, այսպիսի կարիերա չէի ունենա
Սպորտ«Բարսելոնայի» եւ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ առանց լուսահոգի Յոհան Կրոյֆից ստացած գիտելիքների չէր հասնի մեծ հաջողությունների:
«Կրոյֆի հետ հանդիպումների ժամանակ, միշտ ցանկանում էի, որ նա զգար իմ երախտապարտությունը իր նկատմամբ: Ես կդառնայի մարզիչ, բայց ակնհայտ է, որ չէի ունենա այս կարիերան, եթե չհանդիպեի Կրոյֆին: Անգին են նրանից ստացած գիտելիքները: «Բարսելոնայի» նախագահը Լապորտան էր, բայց նա եւ մարզական տնօրեն Բեգիրիստայնը լսում էին Կրոյֆին: Եւ նա նրանց ասաց, որ ես կարող եմ սկզբում մարզել «Բարսելոնայի» պահեստային թիմը, հետո էլ գլխավոր թիմը:
Կրոյֆն է բոլոր ժամանակների լավագույն մարզիչը: Երբ նա գլխավորեց «Բարսելոնան», ակումբը չուներ առանձնահատուկ ֆուտբոլային մշակույթ: Արգենտինացի մարզիչի գլխավորությամբ խաղում էինք արգենտինական ոճով, գերմանացու գլխավորությամբ՝ գերմանական ոճով: Կրոյֆը ստեղծեց «Բարսելոնայի» ոճը: Յոթ տարեկան երեխաները մարզումների ժամանակ խաղում էին «Բարսելոնայի» գլխավոր թիմի ոճով: Նա դատարկությունից ստեղծեց առանձնահատուկ մի բան: Կրոյֆն է ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ գործիչը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:
Յոհան Կրոյֆը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է եղել 1988-1996 թվականներին: Հիշեցնենք են, որ լեգենդար հոլանդացին մահացել է 2016թ. ապրիլի 25-ին, 68 տարեկանում: