Վահան Մարտիրոսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ավտոբուսի վթարին առչվող հարցեր
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 14-ին ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ցավ հայտնելով հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայիում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ՝ ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծեց, որ ՌԴ համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ վթարից տուժած ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն հայտնելով օգնության և զորակցության համար՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում վթարված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղավոխելու ուղղությամբ։ Նշվեց նաև, որ տեղում աշխատանքները կանոնակարգելու համար վ թարի վայր են մեկնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալները։
Մ. Սոկոլովն ընդգծեց, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների ակտիվացման, Վերին Լարսի ճանապարհին առաջ եկող խնդիրների դեպքում՝ այլընտրանքային երթուղիների հնարավորությունները։