Սկսվել են Օլիմպիական խաղերին մասնակցած հավաքական թիմերի մասնակցության հաշվետվությունների լսումները
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սկսվել են օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի մասնակցության հաշվետվությունների լսումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հատուկ ստեղծված աշխատանքային խմբին առաջին հաշվետվությունն է ներկայացրել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ով խոսել է նախորդ օլիմպիական քառամյա փուլում կատարված աշխատանքների մասին՝ ներկայացնելով կազմակերպված ուսումնամարզական հավաքների վայրի և պայմանների արդյունավետության, նպատակահարմարության և այլ հարցեր: «Օլիմպիական չեմպիոններ պատահական չեն դառնում: Սա երկար և բազմափուլ ճանապարհ է: Մարզիկը նախ պետք է Եվրոպայի, աշխարհի մրցանակակիր լինի, թրծվի միջազգային մրցաշարերում: Սրանք կարևոր գործոններ են»,- ասել է Ալավերդյանը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ այսօր արդեն կյանքի է կոչվում 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մարզիկների ներգրավման ռազմավարությունը. «Մարզիկի նախապատրաստումը հաջորդ օլիմպիական խաղերին սկսվում է անմիջապես, երբ նա ընթացիկ խաղերի մրցահարթակում վայր է դնում ծանրաձողը: Մենք հանգստանալու ժամանակ չունենք»,- նշել է նա: Մարզիչը խոսել է նաև մարզիկների հետ աշխատող մարզական հոգեբանի դերի կարևորության մասին, որի անհրաժեշտությունն զգացվում է հատկապես վնասվածքներից հետո:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատվել է լավ: