Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան, ներկա է գտնվել նոր հյուրանոցի բացման արարողությանը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ներքին Հոռաթաղ գյուղում Նախագահն այցելել է նորակառույց մանկապարտեզ: Երկրի ղեկավարը գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ընդլայնումը համարել է պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը՝ նշելով, որ այն այսուհետ էլ լինելու է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Շրջկենտրոն Մարտակերտում Բակո Սահակյանը ներկա է գտնվել նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Մեծ շեն գյուղում երկրի ղեկավարը մասնակցել է նորակառույց մշակույթի տան, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանի և Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատան բացման հանդիսավոր արարողություններին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եսայանների ընտանիքին՝ Սառա Եսայանի գլխավորությամբ, Մարտակերտ քաղաքում և Մեծ շեն գյուղում այս նախագծերի իրականացման համար՝ բարձր գնահատելով նրանց մշտական աջակցությունն Արցախին: