ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացմանը
ՀասարակությունՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած բացման արարողության ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ստեղծման նախապատմությունը, կենտրոնի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հովհաննիսյանը շեշտել է, որ կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում և հավելել, որ համատեղ ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկը:
Ռազմաբժշկական ծառայության իրականացման գործընթացում կարևորելով միջին և կրտսեր բուժանձնակազմի դերակատարությունը՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ուսումնական կենտրոնի ունկնդիրներն ուսուցման ավարտին առավել արդյունավետ և բարձր մակարդակով դրված կիրականացնեն առաջադրված խնդիրները:
Դասընթացի առաջին ունկնդիրներին հաջողություն ու նոր ձեռքբերումներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարևորելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի դերը ռազմաբժշկական կադրերի պատրաստման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կենտրոնի ստեղծումը ներդրում է ոչ միայն զինված ուժերի կարողությունների զարգացման, այլև առհասարակ քաղաքացիական հասարակության համար բժշկական հմտություններով օժտված քաղաքացիների կրթման գործում: Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ սանհրահանգիչների արհեստավարժությունից, մասնագիտական որակ ներից և հմտություններից է նաև էապես պայմանավորված զինծառայողների բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության կազմակերպումը:
Արարողության մասնակիցները շրջել են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում, ծանոթացել են կատարված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի ուսումնական պայմաններին և հագեցվածությանը, ընթացիկ ու հեռանկարային ուսումնական ծրագրերին: