Շարունակվում են Օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի հաշվետվությունները
ՍպորտՕլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդես է եկելՀայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա տեղեկացրել է, որ 2016 թվականի սկզբին հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնելուց հետո կատարվել է մեծածավալ աշխատանք մարզիկներին Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար: «Արդյունքում ունեցանք 5 վարկանիշ։ Սա աննախադեպ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Օլիմպիական խաղերի ընթացքում մեր տղաները հանդես են եկել իրենց ուժերի առավելագույն չափով: Ցավոք, մեր կանխատեսած մեդալները չկարողացանք ձեռք բերել»,- ասել է մարզիչը:
Աղամալյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներին մեծապես աջակցել են թե՛ բռնցքամարտի ֆեդերացիան, թե՛ ՀԱՕԿ-ը և թե՛ սպորտի նախարարությունը: «Սակայն, քանի որ Օլիմպիական խաղերից վերադարձել ենք առանց մեդալների, ուստի մեր մասնակցությունը բավարար գնահատել չեմ կարող»,- նշել է Կ. Աղամալյանը:
Նախարարությունում ստեղծված հաշվետվություններն ընդունող և Օլիմպիական խաղերին մասնակցությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը նույնպես Ռիո-2016-ին հայ բռնցքամարտիկների մասնակցությունը գնահատել է անբավարար: