Կառավարության ծրագրով սոցիալական ոլորտում շեշտը դրվելու է հասցեականության մեծացման վրա
ՏնտեսությունՀՀ կառավարության նոր ծրագրով սոցիալական ոլորտում հիմնական շեշտը դրվել է սոցիալական ծրագրերի հասցեականության մեծացման ու քաղաքացիներին առավել արդյունավետ ծառայությունների մատուցման վրա:
Այդ մասին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Հիմնական շեշտադրումներին է վերաբերում է նաև անապահովության գնահատման համակարգում փոփոխություններ կատարելը, քայլերը պետք է տեղափոխվեն դեպի զբաղվածության ակտիվ ծրագրեր, իսկ աջակցության ծրագրերը բացառապես ուղղել անապահովներին»,- ասաց Ասատրյանը:
Հարցին` կառավարության նոր ծրագրում առկա՞ է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձացման խնդիր` նախարարն ասաց, որ կառավարության ծրագիրը վերաբերում է մինչև 2017 թվականի ապրիլյան խորհրդարանական ընտրությունները ընկած ժամանակահատվածին:
«Այսինքն, վեցամսյա ժամանակահատվածի համար է, իսկ դուք գիտեք, որ գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը և այդ մասով լրացուցիչ միջոցներ նախատեսված չեն, հետևաբար այդպիսի դրույթ ներառված չէ»,- ասաց նա:
Հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում կառավարությունը հաստատել է իր նոր ծրագիրը և այն ներկայացրել Ազգային ժողով: