Կառավարությունը նախատեսում է «Շիրակ» օդանավակայան ներգրավել բյուջետային ավիափոխադրողների
ՏնտեսությունՀՀ կառավարությունը նախատեսում է ակտիվացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի գործունեությունը` բյուջետային ավիափոխադրողների ներգրավման միջոցով:
Այդ մասին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը` անդրադառնալով գործադիրի ծրագրին, որը ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը:
«Նախատեսվում է պարզեցնել ընթացակարգերը և գործընթացները` ավիաընկերություններին հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու թույլտվության ուղղությամբ»,- ասաց Ավետիսյանը:
Հարցին` այդ քայլերը կարո՞ղ են նպաստել ավիատոմսերի գների նվազմանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նշեց. «Կարծում եմ՝ անուղղակի ձևով այո: Նոր ավիաընկերությունների ներգրավման շնորհիվ այդ ամենը կբերի մրցակցության բարձրացմանը, ինչն էլ կնպաստի ավիատոմսերի գների նվազմանը»:
Մյուս հարցին` իսկ ուղղակիորեն այդ խնդիրն իրենց առջև դրվա՞ծ է, Ավետիսյանը պատասխանեց. «Իհարկե»: