Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի երկրորդ վարորդին եւս կտեղափոխեն Հայաստան
ՀասարակությունՄոսկվա- Երեւան ավտոբուսի վթարից տուժած երկրորդ վարորդը վաղը կլինի Հայաստանում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունում բուժում ստացող 4 հիվանդներից մեկի վիճակը ծանր է, մյուս երկուսն էլ տեղափոխվել են այլ քաղաք` վիրահատության:
«Վթարից վնասվածքներ ստացած ավտոբուսի երկրորդ վարորդը աչքի վնասվածք ունի եւ վաղը կլինի Հայաստանում` հետագա բուժումն այստեղ շարունակելու նպատակով»,-ասաց նա:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանն էլ Պողոսյանին ի լրացում նշեց, որ ավտոբուսի երկրորդ վարորդ, 1977 թվականին ծնված Արեն Սայինյանը կնոջ հետ գտնվում է Վլադիկավկազում:
«Տեղի հայ համայնքը նրանց մասին հոգ է տանում: Գիշերը նրանց կճանապարհեն եւ Հայաստանի սահմանին հասնելուն պես վիրավոր վարորդը շտապօգնության ավտոմեքենայով կտեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց` բուժումը շարունակելու նպատակով»,-հավելեց փոխնախարարը: