ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանել է ալյուրի մատակարարումների մասին Վահան Բադասյանի հայտարարությունը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆերյսբուքի» իր էջում պարզաբանել է բանակին ալյուրի մատակարարումների մասին Վահան Բադասյանի հայտարարությունը:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք ացկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ:
Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1 կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ):
Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:
Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»: