Գվարդիոլա. Մարզչական կարիերայիս վատագույն պարտությունը չէր
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությունը վատագույնը չէ իր կարիերայում:
«Անհատական սխալները շատ թանկ նստեցին մեզ վրա: Խոսքը Ֆերնանդինյոյի, Կլաուդիո Բրավոյի մասին է: Այո, նրանք սխալվել են, սակայն դա խաղի մի մասն է: Փորձում էինք պրեսինգի դիմել, մրցակցի դարպասը գրավելու հնարավորություններ ունեինք, սակայն չօգտվեցինք դրանցից:
Ո՛չ, սա կարիերայիս վատագույն պարտությունը չէ: Վատագույնը «Բավարիայում» էր, երբ պարտվեցինք «Ռեալին», իսկ ես սխալվեցի մեկնարկային կազմի հարցում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «AS»-ը:
Հիշեցնենք, որ 2013-2014 մրցաշրջանում Գվարդիոլայի գլխավորած «Բավարիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում 0:4 հաշվով պարտվել էր «Ռեալին»: