Ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ պայման է. Գյուղնախարար
ՏնտեսությունԳեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտ համարեց ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:
Գյյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մասին հարցը նախարարին ուղղվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով հարցին՝ նախարարը նշեց. «Մեր ռազմավարության մեջ կարեւոր տեղ է գրավում գյուղատնտեսությանը պատճառված աղետի հետեւանքների նվազեցման քաղաքականությունը, որի մի ուղղությունն էլ գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ներդրումն է:
Սակայն այն պետք է լինի ամբողջական, գյուղատնտեսության բոլոր ճյուղերում: Այժմ մենք բանակցում ենք միջազգային առանձին կառույցների հետ: Ապահովագրական համակարգի ներդրումը բարդ մեխանիզմ է, բայց անհրաժեշտ մեր գյուղատնտեսության համար, քանի որ այն էապես կարող է նպաստել աղետների հասցրած վնասների հետեւանքները»,-ասաց նախարարը: