Գյումրիում միջազգային սեմինարին հայ և ռուս գիտնականները շուրջ 30 գիտական զեկուցումներ կներկայացնեն
ՀասարակությունԳյումրիում հոկտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 55- ամյակին նվիրված «Սեյսմիկ ինտենսիվության սանդղակի կատարելագործման հիմնախնդիրները» առաջին միջազգային դպրոց-սեմինարը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1961թ-ին: Ինստիտուտը զբաղվում է ՀՀ տարածքի երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող պրոցեսների ուսումնասիրմամբ, ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտմամբ, հետախուզական երկրաֆիզիկայի նոր մեթոդների, էկոերկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկայի մշակմամբ, սեյսմիկ վտանգի և ռիսկի, սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակմամբ և կատարելագործմամբ, երկրաֆիզիկական սարքաշինությամբ և այլն:
Միջազգային դպրոց սեմինարի ընթացքում ավելի քան 30 գիտական զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի գիտնականները:
Միջազգային դպրոց-սեմինարի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը, ՀՀ կրթության և գիտության նխարարության գիտության պետական կոմիտեն, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Դպրոց-սեմինարն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 27-ը: