Եթե իրանական երկաթուղին Հայաստանով անցներ, դա Իրանի համար շատ ավելի շահավետ կլիներ
ՏնտեսությունԱյսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կապի, տրանսպորտի եւ ՏՏ ոլորտին հատկացված բյուջեի նախագիծը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին. «Ինչպե՞ս եք կարողանալու պահել ՏՏ ոլորտի մասնագետներին, որոնք նախընտրում են աշխատել արտասահմանում` բարձր աշխատավարձով»:
Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ՏՏ ոլորտն աճող է, սակայն Հայաստանն ունենում է տարեկան 2 հազար աշխատողի կարիք, եւ ապագայում սովորական ծրագրավորողներ արդեն քիչ կպատրաստեն։
«Անհրաժեշտ կլինի պատրաստել կոնկրետ մաթեմատիկական խնդիր լուծող ծրագրավորողներ, ինչի համար անհրաժեշտ կլինի զարկ տալ կրթության բնագավառի ֆունդամենտալ գիտությունների ոլորտին»,- ասաց նա։
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու հնարավոր կյանքի կոչմանը՝ վերջինս ասաց. «Եթե իրանական երկաթուղին Հայաստանով անցներ, դա Իրանի համար շատ ավելի շահավետ կլիներ, այդ ուղղությամբ քննարկումներ ընթանում են, սակայն արդյունք դեռ չկա»։