Լեհաստանի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում համերգով հանդես կգա Կրակովի երգչախումբը
ՄշակույթԼեհաստանի անկախության օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, Հայաստանի մշակույթի եւ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ Արամ Խաչատրյան համերգասրահում Կրակովի հայտնի երգչախումբը կներկայացնի հին միջնադարյան լեհական երաժշտությունը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Լեհաստանի դես պան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Նոյեմբերի 11-ը Լեհաստանի եւ լեհերի համար յուրահատուկ օր է: Կարծում եմ, որ հայերի համար անկախության տոնը նույն կշիռն ունի, ինչ լեհերի համար: Այն շատ ըմբռնելի է հայերի համար, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ զրկված է եղել անկախությունից»,- ասաց դեսպանը:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ համագործակցում են Լեհաստանի դեսպանատան հետ:
«Հայ-լեհական մշակութային կապերը միայն ամրապնդվում են: Դեսպանատունը շատ անգամ է աջակցել մեզ վիզաների տրամադրման հարցում: Կրակովը Լեհաստանի ամենագեղեցիկ քաղաքներից է. ուրախ եմ, որ այդ քաղաքի երգչախումբըժամանում է մեզ մոտ: Կրակովի կապելլան բաղկացած է 12 երաժիշտներից: Ներկայացվելու են նաև հայտնի կոմպոզիտորներ Շիմանովսկու, Գորեցկու գործերից: Լեհ կոմպոզիտորներին այստեղ վաղուց սիրում են»,-նշեց Արման Պադարյանը:
Կրակովի երգչախմբի համերգը կկայանա նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: