Մեկ տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 4.3 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանում 2015 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 50 հազար 23 միավոր գործարք: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվում 36 հազար 413 միավոր են կազմում առքուվաճառքի, 13 հազար 255 միավոր` նվիրատվության իսկ 3 55 միավոր` փոխանակումների գործարքները:
2015թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2014թ. համեմատ նվազել է 4.3%-ով: Անշարժ գույքի օտարման գործարքների 36.1%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 37.3%-ը` բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:
2015թ. Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի 13 հազար 44 գործարքների 65.4%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Երևանում 2014թ. համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 15.2%-ով:
Երևանում 2015թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2014թ. համեմատ աճել են 0.2%-ով:
2015թ. մարզերում, բացառությամբ Երևան քաղաքի, վաճառվել է բազմաբնակարան շենքերի 3 հազար 951 բնակարան: 2014թ. համեմատ այն նվազել է 14.8%-ով: