Արոնյանը և Մկրտչյանը շարունակում են պայքարը Եվրոպայի ակումբային առաջնությունում
ՍպորտՍերբիայում շարունակվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում տեղի ունեցան 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումները:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ 3-րդ տուրում Լևոն Արոնյանի «Պադովա» ակումբը 2.5-3.5 հաշվով պարտվեց սերբական «Սվետի Նիկոլայ» ակումբին: «Պադովայի» կազմում պարտություններ կրեցին թիմի առաջատարները` Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 4-րդ տուրում «Պադովան» 5.5-0.5 հաշվով հաղթեց սերբական «Ցրվենա զվեզդա» ակումբին: Լևոն Արոնյանը նույնպես հաղթանակ տոնեց: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Մեդնի վսադնիկ» և «Ալկալոիդ» ակումբները, որոնք իրենց բոլոր 4 հանդիպումներն ավարտել են հաղթանակով և իրենց ակտիվում գրանցել են 8-ական թիմային միավոր: Արոնյանի «Պադովա» ակումբը վաստակել է 6 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարի 3-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» ակումբը հաղթեց Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող «Չիգորին» ակումբին: Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 4-րդ տուրում «Յուգրա» թիմի մրցակիցն էր մրցաշարի ֆավորիտ Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը: Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, սակայն «Յուգրան» պարտվեց 1.5-2.5 հաշվով: Մոնտե Կառլոյի թիմին հաղթական միավորը բերեց թիմի առաջատար, աշխարհի կանանց չեմպիոնուհի Հոու Յիֆանը, ով առաջին խաղատախտակի վրա հաղթեց աշխարհի կանանց չեմպիոնուհու նախկին հավակնորդ Աննա Ուշենինային: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 8 թիմային միավոր: «Յուգրա» ակումբը, վաստակած 6 թիմային միավորով, ընթանում է երկրորդ հորիզոնականում: