Չեռնոգորիայի մամուլը շոկային է անվանել ազգային հավաքականի պարտությունը Հայաստանի ընտրանուց
ՍպորտՉեռնոգորիայի ազգային հավաքականի` 2:3 հաշվով պարտությունը Հայաստանի ընտրանուց այդ երկրի մամուլն անվանել է շոկային: Արմենպրեսի փոխանցմամբ՝ Reprezentacija.me-ն, ներկայացնելով Երևանում կայացած հանդիպման տեսությունը, այն վերնագրել է հետևյալ կերպ. «Մեր թիմի շոկային պարտությունը Երևանում»:
«Լյուբիշ Տումբակովիչի թիմն առաջին կեսից հետո ունենալով հսկայական` 2 գոլի առավելություն, անսպասելիորեն երկրորդ կեսում բաց է թողել 3 գնդակ՝ թողնելով, որպեսզի հանդիպումն ունենա զարմանալի շրջադարձ»,- գրել է կայքը:
Միաժամանակ, նշվել է, որ Չեռնոգորիայի ընտրանին այս պարտությամբ կորցրել է մեծ հնարավորություն: Կայքը հույս է հայտնել, որ սա կլինի դաս ազգային հավաքականի համար: «Հույս ունենք, որ հավաքականը շուտով կմոռանա Հայաստանից կրած պարտությունը, քանի որ դրա համար ունի երկար ժամանակ»,- գրել է կայքը` հիշեցնելով, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը թիմերն անցկացնելու են հաջորդ տարվա մարտի 26-ին:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խաղավարտին խփած գոլի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ տանել Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ, այն դեպքում, երբ առաջին կեսից հետո Արթուր Պետրոսյանի սաները պարտվում էին 0:2 հաշվով: