Պետությունը «խաղում է» գործարարների թիմից
ԲլոգՍեդա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաշվի առնելով Հայաստանի բանկային համակարգի պաշտպանողական քաղաքականությունը` կարելի է ասել, որ ֆինանսական միջոցների նկատմամբ գործարարների հասանելիությունը որոշակիորեն սահմանափակված է:
Վերջին շրջանում սակայն այս ոլորտում առկա է դրական միտում: Պետության կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը նպաստեց բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքների իջեցմանը:
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար սա դրական նորություն էր: Սակայն այստեղ առկա է մեկ այլ հարց: Բանկը, իջեցնելով տոկոսադրույքները, ավելացնում է նաև ռիսկայնության գործակիցը: Բանկերին «չթուլացնելու» համար գործադիր մարմնի ղեկավարը առաջարկեց կիրառել «օրինապահ հարկատու» հասկացությունը, և բանկերի կողմից արտոնյալ մոտեցում ցուցաբերել այդ կարգավիճակը ստացած գործարարների և ընկերությունների համար:
Նման որոշումը երկու կողմերին էլ ձեռնտու է: Բանկերը ֆինանսական միջոցներ են տրամադրում ստաբիլություն պահպանող տնտեսվարողներին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին ստանում են ցածր տոկոսադրույքով վարկեր և զարգացնում իրենց բիզնեսը: Փաստացի, պետությունը, «խաղալով» գործարարների թիմից, չի «նեղացնում» բանկերին և տրամադրում է համապատասխան երաշխիքներ: