Արմեն Գյոզալյանը կարևորում է Հեծանվային մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցչի այցը Երևան
ՍպորտՀայաստանի հեծանվավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը կարևորում է Հեծանվային մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիայի արտաքին կապերի ծառայության ղեկավար Պասկալ Շունսի այցը Երևան:
«Այս հանդիպումները իսկապես շատ կարևոր են մարզաձևի մասսայականացման, տարածման և միջազգային կապերի հաստատման առումով: Ժամանակին կապը կար միջազգային ֆեդերացիաների հետ, բայց մի պահ վերացել էր, և մենք կրկին սկսում ենք համագործակցել: Հիմա հիմք կարող է դրվել հետագա համագործակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գյոզալյանը:
Հեծանվային մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիայի արտաքին կապերի ծառայության ղեկավար Պասկալ Շունսը հյուրընկալվեց Երևանի հեծանվահրապարակում: Հյուրը ծանոթացավ հեծանվահրապարակի ենթակառուցվածքներին, եղավ մարզիկների համար նախատեսված մարզադահլիճում, իսկ վերջում հանդիպում ունեցավ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի նախագահը ծանոթացրեց հայկական հեծանվասպորտի վերջին տարիներին ձեռքբերումներին, ինչպես նաև խնդրեց Պասկալ Շունսին աջակցել՝ նոր հեծանիվներ ձեռք բերելու, միջազգ ային համագործակցությունը խորացնելու հարցում: