ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակությունը պատրաստակամ է ընտրությունների շրջանում համագործակցել ՀՀ ոստիկանության հետ
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտարկման կազմակերպման կարիքների գնահատման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության անդամներ Ռիչարդ Լապպինին, Ալեքսեյ Գրոմովին և Լուի Պուլենին:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրել է ոստիկանության կողմից ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների, դրանց վերաբերյալ ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Վարդան Եղիազարյանն ընդգծել է, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախընտրական փուլում, ինչպես և ընտրությունների ընթացքում, օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար:
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավաստել են ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև արեցին մի շարք հարցադրումներ, ո րոնց տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ արդյունավետ և կառուցողական քննարկումների մթնոլորտում: