Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցականներն Ամանորյա նվերներ կստանան
ՀասարակությունԵկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամն Ամանորին տոն կպարգեւի Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցականներին ու ուսուցիչներին: Ինչպես Արմենպրեսի հետ զրույցում ասաց հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը, նախաձեռնությունն իրականացնելու համար այս տարի 3 միլիոն դրամ կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմին: «Անցյալ տարի նման ծրագրի շրջանակներում Տավուշի սահմանամերձ գյուղերի 6000 ուսուցիչներ եւ դպրոցականներ նվերներ են ստացել Ամանորին»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի սահմանամերձ համայնքներում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի գործունեությանը, Կարինե Բաղդասարյանը նշեց, որ դրանք իրականացվում են «Օգնենք սահմանին» խորագրով, որի շրջանակներում Իջևանում ստեղծվել է նաև ՀԱԵ Տավուշի թեմի սոցիալական աջակցության «Արևիկ» կենտրոնը, որտեղ համայնքի բնակիչները սոցիալական օգնություն եւ ուղղորդում են ստանում, նաև մասնակցում նկարչության, բատիկայի , շուղագործության, գորգագործության դասերի:
«Հաշվի առնելով սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացման կարեւորությունը, ՀԱԵ Տավուշի թեմի հետ միասին իրականացնում ենք «Տավուշի անուշներ» ծրագիրը, որի շրջանակներում Հաղարծինի վանքային համալիրին կից մի փոքրիկ արտադրամաս է կառուցվել»,-ասաց Կարինե Բաղդասարյանը` նշելով, որ այդ արտադրամասում տավուշցի երիտասարդները մեծ ոգեւորությամբ մուրաբա են պատրաստում, քանի որ վաճառքից ստացած հասույթը տրամադրվում է սահմանամերձ համայնքների զարգացմանը: