Ոստիկանության աշխատակիցները հոգեկան հիվանդությամբ տառապող նրա որդու նկատմամբ բռնություն են գործադրել
Քաղաքացի Լիլյա Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց տուն են եկել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները և պատճառաբանել, որ հոգեկան հիվանդությամբ տառապող որդու ընկերը` Լևոն Ա.-ն, գրությամբ հայտնել է, որ ինքը ընկերոջ` Գարեգին Պ.-ի հետ բազմաթիվ գողություններ է կատարել, ուստի որդուն տեղափոխել են ոստիկանության հիշյալ բաժին: Լիլյա Ա.-ն նաև նշել է, որ որդուն մի քանի օր շարունակ հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: