Մինչև 10 հազար դրամ հարկային պարտավորությունը տնտեսվարող սուբյեկտներին չի խոչընդոտի լուծարվել
ՏնտեսությունՀարկային արտոնությունների փաթեթի նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն տալ:
Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ տնտեսվարողներին պարզեցված ընթացակարգով և արագորեն լուծարվելու հնարավորություն է ընձեռվում, որպեսզի նաև ՊԵԿ-ում հաշվառման բազան չաղավաղվի:
«Շատ էին դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտներն ունեին փոքր մեծության հարկային պարտավորություններ: Նրանք 2 կամ 3 հազար դրամի համար չէին լուծարվել, և դրա արդյունքում նվազագույն հարկեր էին առաջադրվել, իսկ պարտավորությունները հասել էին բավականին էական գումարի: Դրա համար այս նոր նախաձեռնությամբ սահմանում ենք, որ մինչև 10 հազար դրամ հարկային պարտավորությունների մեծությունն անտեսվելու է»,- ասաց Վախթանգ Միրումյանը: