Լուիս Էնրիկե. Առաջին խաղակեսում ուժասպառ արեցինք մրցակցին
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Էրկուլեսի» նկատմամբ տնային հաղթանակը 7:0 հաշվով:
«Գիտեինք, որ մրցակիցը խաղալու է այնպես, ինչպես առաջին խաղում: Նրանք մեծ ուժերով էին պաշտպանվում եւ չէին ստեղծում ազատ գոտիներ: Սակայն մենք պահպանեցինք կենտրոնացվածությունը եւ պահեր ստեղծեցինք գնդակը վերահսկելու շնորհիվ: Այս խաղը կարող է օգտագար լինել մեր խաղացողներից շատերի համար:
Առաջին խաղակեսում հրաշալի էինք վերահսկում գնդակը, ինչի շնորհիվ ուժասպառ արեցինք մրցակցին: Ընդմիջումից հետո ունեինք ազատ տարածություններ եւ ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր: Մենք ամբիցիոզ թիմ ենք, որը ցանկանում է հաղթել բոլոր մրցաշարերում»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» եւ «Էրկուլեսի» միջեւ առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: