Իգնատի Առաքելյանը ողջունեց Ճամբարակի ռոքվորի իրացման գաղափարը սոցցանցերում
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լավ նախաձեռնություն է համարում Ճամբարակի գյուղացիներին ռոքվոր տեսակի պանրի իրացմանն աջակցելու գաղափարը սոցցանցերում: Տարեվերջյան մամուլի ասուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ նախարարությունը եւս կապվել է Ճամբարակի քաղաքապետի հետ եւ կազմակերպել կիրակնօրյա շուկաներում այդ պանրի վաճառքը:
«Հուսով ենք, որ պանիրը կիրացվի»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
«Աշտարակ կաթ»-ի սնանկության ճանաչումից հետո ընկերության Ճամբարակի մասնաճյուղն աշխատակիցների եւ կաթ մատակարարած գյուղացիների պարտքը որոշել էր փակել ռոքվոր պանրով: Ճամբարակցիները ստիպված որոշել էին 70 միլիոն պարտքի դիմաց վերցնել 40 տոննա պանիրը: Անհատ ձեռներեցներ Հարություն Մնացականյանը եւ Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարեցին, որ կիլոգրամը 3000 դրամով պանիր են վաճառում: Սննդամթերքի անվտանգության բնագավառում ՍԱՊԾ-ի կողմից վերջերս հայտնաբերված խախտումներում էլ Իգնատի Առաքելյանը մեղադրեց ոչ միայն արտադրողներին:
«Մթերքի տեղափոխումն ու պահպանումը եւս պետք է պատշաճ մակարդակով կատարվի»,-հավելեց նա: