Գործարար ծրագրերի գնահատման համար սահմանվեցին առավել կարճ ժամկետներ
ՏնտեսությունԱզատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով գործարարների մտահոգություննները, մասնավոր հատվածից ստացված առաջարկությունները, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է կրճատել հայտատուների ներկայացրած գործարար ծրագրերի գնահատման ժամկետները:
«Որոշման նպատակն է աջակցել բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը:
Մասնավորապես, լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական»,- ասաց Կարայանը:
Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմինը ներկայացնում է ՀՀ կառավարություն` քննարկման ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: