Գվարդիոլա. Կլոպը լավ դաս է տվել ինձ
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի ոճի մասին:
«Կարող եմ հասկանալ, թե ինչու են Կլոպի մարզչական ոճը անվանում «հեւի-մեթալ»: Իմ եւ Յուրգենի խաղաոճերը այնքան էլ նման չեն, բայց ես հավանում եմ նրա թիմերի խաղը՝ գնդակով էլ, առանց գնդակի էլ բարձր ինտենսիվություն, իսկ դրան հասնել հեշտ չէ: Երբեմն նրանք լայն գրոհում են Քլայնի եւ Միլների եզրերով, բայց առավել սիրում են գրոհել շատ խաղացողներով: Չգիտեմ՝ կա՞ աշխարհում այլ թիմ, որն այդքան շատ ֆուտբոլիստներով է գրոհում:
Ես շատ բան եմ սովորել, երբ առաջին անգամ Գերմանիայում խաղացի Կլոպի թիմի դեմ: Ես նորեկ էի Բունդեսլիգայում եւ լավ դաս ստացա՝ պարտվելով 2:4 հաշվով: Մեր խաղաոճերը նման չեն, բայց ես շատ եմ հավանում, թե ինչպես է խաղում «Լիվերպուլը»՝ դա ֆուտբոլ է հանդիսականի համար, քանի որ գրոհի են անցնում 3-4 վայրկյանում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:
Դեկտեմբերի 31-ին կայանալիք «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: