Մոուրինյո. Եթե խոսենք մրցավարական սխալներից, մենք չեմպիոն ենք այդ հարցում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Վեստ Հեմի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակն Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում:
«Գործն արված է, շնորհավորում եմ բոլոր խաղացողներին: Նրանց համար հեշտ չէր: Ես դժգոհ էի մի շարք սխալներից, բայց դրանք հոգնածության հետեւանք էին: Հրաշքներ չեն լինում:
Կարծում եմ՝ կարող ենք հաղթել նաեւ հաջորդ խաղում: Մենք չենք վազում ռեկորդների հետեւից, ցանկանում ենք լավ խաղալ եւ վաստակել միավորներ: Կարմիր քարտի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ես շատ հեռու էի: Սակայն, եթե խոսենք վատ մրցավարությունից, մենք չեմպիոն ենք այդ հարցում: Հեռացումը բարդացրեց մեր կյանքը, մրցակցինն՝ ավելի շատ:
«Վեստ Հեմի» պաշտպան Հովարդ Նորթվեյթը 48 ժամ առաջ անցկացրել էր ամբողջ հանդիպում, իսկ այսօր խաղում էր Լինգարդի ու Մխիթարյանի դեմ: Ռեշֆորդն արագ խաղացող է եւ ակտիվացրեց մեր խաղը: Նա իսկական պրոֆեսիոնալ ու հասուն խաղացող է:
Սպասում եմ «Չելսիի» ու «Տոտենհեմի» միջեւ խաղին: Հուսով եմ՝ կլինի հրաշալի հանդիպում»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Վեստ Հեմը» 15-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, իսկ մանչեսթերցիները 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղաց 65 րոպե: