Փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվողի անունը հայտնի է ոստիկաններին. որոնում են նրան
Օրվա իրադարձություններԳեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու` Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվողի անունը հայտնի է: ըստ տեղեկությունների` նա Նորատուսի բնակիչ է:
Համաձայն Նորատուսում տարածված տեղեկությունների` սպանությանը նախորդել է մեքենան չզիջելու պատճառով ծագած վիճաբանությունը: Այս մասին դեռեւս իրավապահ մարմինները որեւէ տեղեկություն չեն հաղորդում: Ըստ մեզ հասած լուրերի` ոստիկաններին արդեն հաջողվել է պարզել 28-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի անձը, նա դեռեւս չի հայտնաբերվել:
Կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են որոնողական աշխատանքները: Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից միայն հայտնեցին, որ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին անհայտ անձը կրակոցներ էր արձակել Հայկ Հակոբյանի ուղղությամբ, որն այդ պահին եղել էր մեքենայի մեջ: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել է: Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում:
Նշենք, որ Հայկ Հակոբյանը ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա: