Յուրգեն Կլոպ. Կարծես Պլիմուտի բոլոր բնակիչները լինեին տուգանային հրապարակում
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Պլիմուտի» հետ գոլազուրկ ոչ ոքին Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում:
«Մենք ցանկանում էինք այլ արդյունք, սակայն հիասթափություն չկա. սա ֆուտբոլ է: «Պլիմուտն» արժանի էր ոչ ոքիի ու վերախաղարկման: Մենք լավ սկսեցինք, խաղում էինք լավ ֆուտբոլ, սակայն շատ շուտ կորցրինք համբերությունը: Հիմա ես կյանքում առաջին անգամ կմեկնեմ Պլիմուտ:
Չգիտեմ, թե որքան է այդ քաղաքի բնակչությունը, սակայն այնպիսի տպավորություն էր, կարծես այս խաղում Պլիմուտի բոլոր բնակիչները տուգանային հրապարակում էին: Ինքներս խնդիրներ ստեղծեցինք մեզ համար, բայց պատասխան խաղում կփորձենք շտկել իրավիճակը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կորոշվի «Պլիմուտի» խաղադաշտում կայանալիք պատասխան խաղում: