Սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում
ՏնտեսությունՀՀ սպառողական շուկայում 2016 թվականի դեկտեմբերին, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, գների փոփոխությունն ունեցել է նվազման միտում` 1.1 տոկոսի սահմաններում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 0.6-1.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում:
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:
«2016 թվականի հունվար ամսին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվեց նկատելի բաձր գնաճ` 2.2 տոկոսի չափով, այնուհետեւ հաջորդ 7 ամիսներին արձանագրվեց գնանկման միտում` 5.9 տոկոս»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սեպտեմբեր ամսից հանրապետության սպառողական շուկայում գներն ունեցան աճի միտում:
«Սեպտեմբերին գնաճը կազմել է 0.1 տոկոս, հոկտեմբերին՝ 0.5 տոկոս, նոյեմբերին՝ 1 տոկոս եւ դեկտեմբերին՝ 1.1 տոկոս»,- հավելեց բանախոսը: