«Գանձասար Կապան»-ում փորձաշրջան են անցնում նոր լեգեոներներ
Սպորտ«Գանձասար Կապան»-ում փորձաշրջան են անցնում բրազիլացի 20-ամյա կիսապաշտպան և մակեդոնացի 19-ամյա դարպասապահ: Թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը երկու ֆուտբոլիստներին էլ համարում է հեռանկարային, սակայն ակումբը դեռևս պայմանագրեր չի կնքել նրանց հետ:
«Ալաշկերտ»-ի հետ ստուգողական հանդիպումից հետո Բարսեղյանը նշել է, որ խաղը լավ առիթ էր փորձարկելու մի քանի ֆուտբոլիստների, տեսնելու, թե որքանով է ընդհանուր առմամբ թիմը պատրաստ: «Կան ֆուտբոլիստներ, որոնք նոր են միացել մեզ, և մենք պետք է կարծիք կազմենք նրանց մասին:
Ընդհանուր առմամբ, խաղը ծառայեց իր նպատակին, ճիշտ է սառցակալած խաղադաշտը բացասական ազդեցություն ունեցավ, ի ուրախություն մեզ վնասվածքներ չեղան: Խաղը ցույց տվեց մեր թիմի այն թույլ կողմերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք:
Կանենք հետևություններ, կվերլուծենք: Խնդիր ունենք հենակետայինի դիրքում, առաջիկա օրերին մեզ կմիանան այդ դիրքի նոր ֆուտբոլիստներ: Այժմ մեզ մոտ փորձաշրջան են անցնում բրազիլացի և մակեդոնացի ֆուտբոլիստներ, որոնք հեռանկարային են»,- ասել է Բարսեղյանը:
«Գանձասար Կապան»-ը փետրվարի 11-ին մեկնելու է արտերկրյա ուսումնամարզական հավաքի՝ Կիպրոս, որտեղ կանցկացնի երեք ստուգողական հանդիպում:
«Ալաշկերտ»-ը և «Գանձասար-Կապան»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում են անցկացրել, հաշիվը բացել է կապանյան թիմի պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ 2-րդ խաղակեսում պատասխան գոլը խփել է «Գանձասար-Կապան»-ի նախկին հարձակվող Նարեկ Բեգլարյանը, ով փորձաշրջան է անցնում «Ալաշկերտ»-ում: