Աբխազիայի երկրորդ փոխվարչապետ է նշանակվել Սուրեն Կերսելյանը
Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը: Համապատասխան հրամանագիր է ստորագրել հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նոր կառավարությունում կլինի երեք փոխվարչապետ: Առաջին փոխվարչապետ է նշանակվել Շամիլ Աձինբան՝ սպորտի պետական կոմիտեի նախկին փոխղեկավարը: Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ: Նա նաև կգլխավորի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը:
Երրորդ փոխվարչապետը՝ Վիկտոր Խիլչևսկին, միաժամանակ կլինի էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարար: Նախկինում նախարարների կաբինետի կառուցվածքում նման նախարարություն չի եղել:
Սեպտեմբերի 29-ին Խաջիմբան հանրապետության վարչապետ է նշանակել Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության ղեկավար Բեսլան Բուտբային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: