Սուրեն Կարայանը կարևորում է Դավոսը, բայց չի համարում ներդրումային ծրագրերի ներկայացման միակ հարթակ
ՏնտեսությունՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Դավոսի տնտեսական համաժողովը չի համարում ներդրումային ծրագրերը ներկայացնելու միակ ու լավագույն հարթակը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի կառավարությունից Դավոսի տնտեսական համաժողովին ոչ ոքի չի մասնակցել, Կարայանն ասաց. «Համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, սակայն դա միակը չէ, և այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերը չենք ներկայացնելու բոլոր հետաքրքիր ու պոտենցիալ ներդրողներին»:
Կարայանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հետևել է համաժողովի ընթացքին և միջոցառմանը մասնակցություն չի ցուցաբերել՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով:
Շվեյցարական Դավոս քաղաքում հունվարի 17-20-ն անցկացված Համաշխարհային տնտեսական 47-րդ համաժողովի մասնակիցների թիվը եղել է ռեկորդային: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 70 երկրի իշխանությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների մոտ 3000 ներկայացուցիչ: