Ուորլիքը համանախագահների հետ Երևան և Բաքու չի այցելի
Ընտանեկան խնդիրների պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի այցելի տարածաշրջան: «Իմ ընտանիքի հետ կապված խնդրի պատճառով անկարող կլինեմ միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու այցելել Բաքու և Երևան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ընթացող բանակցություններին մաղթելով հաջողություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) ժամանել են Բաքու: Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ևս տեղեկացրել է, որ Ուորլիքը Բաքու չի ժամանել անձնական խնդիրների պատճառով: Այդուհանդերձ, դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները ներկայացված կլինի միջնորդների և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումների ժամանակ:
Ադրբեջան կատարած այցելությունից հետո հոկտեմբերի 17-ին համանախագահները կժամանեն Հայաստան, որտեղ կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այցի նպատակը Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է: