Մշակույթի նախարարությունը պարզաբանում է, թե ով կարող է լինել Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում: «ՀՀ մշակույթի նախարարությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփե լուց և ըստ այդմ՝ նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը»,-ասված է պարզաբանման մեջ:
Թատրոնի տնօրենի պաշտոնում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման տեղեկությունների մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը նշել է, որ տնօրենի մրցույթը դեռևս հայտարարված չէ, ուստի անիմաստ է հերքել կամ հաստատել շրջանառվող ցանկացած անվան շուրջ տեղեկությունը։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ մշակույթի նախարարություն նախարարի խորհրդական աշխատելու նպատակով։