Մադրիդում կայացել է «Արարատի ստվերը» ֆիլմի պրեմիերան
ՄշակույթՄադրիդում կայացել է իսպանացի կինոռեժիսոր Միգել Անխել Նիետոյի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմի պրեմիերան:
Ինչպես տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից` այն պատմում է Հայաստանի, նրա բազմադարյա պատմության, Հայոց ցեղասպանության արհավիրքների, Արցախյան գոյապայքարի և հայկական մշակույթի մասին՝ աշխարհասփյուռ հայկական սփյուռքի ներկայացուցիչների շուրթերով։
Ֆիլմի գաղափարը ծագել է 2015 թվականին Մոսկվայում: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Իսրայելում, Լիբանանում: Ֆիլմում խոսվում է մի երկրի մասին, որը 5 հազարամյակ շարունակ եղել է աշխարհի քարտեզի վրա և հիմա էլ գոյություն ունի:
Փաստագրական ֆիլմում նկարահանվել են աշխարհասփյուռ հայեր` Շառլ Ազնավուրը, երգչուհի Ռոզի Արմենը, ջութակահար Արա Մալիկյանը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հասարականան մի շարք գործիչներ, աշխարհին հայտնի բիզնեսմեններ և քաղաքական գործիչներ:
Ցուցադրությունը Մադրիդում շարունակվելու է մինչև փետրվարի 16-ը։