«Օքսֆամ»-ը և «Օքսիջեն»-ը ՀՀ ՏԶՆ նախարարության համագործակցությամբ կաջակցեն փոքր տնտեսություններին
ՏնտեսությունՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 13-ին հանդիպել է «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի և «Օքսիջեն» գյուղատնտեսական ձեռնարկություննների զարգացման ծրագրի ղեկավար Արթուր Գոմկցյանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին է ներկայացվել երկու կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է գյուղական համայնքներում տարատեսակ զարգացման ծրագրերի իրականացմանը։
Նախարար Սուրեն Կարայանը Մարգարիտա Հակոբյանի և Արթուր Գոմկցյանի հետ քննարկել է նախարարության և կազմակերպությունների համագործակցության հեռանկարը, մասնավորապես՝ աջակցությունը մանր ֆերմերային տնտեսություններին, հատկապես, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։
Կողմերը քննարկել են պետության օժանդակության գործիքակազմի և գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների կարիքների համադրումը։
Նախարարը, կարևորելով գյուղացիական տնտեսությունների զարգացումը և գյուղաբնակ համայնքներում զբաղվածությունը, առաջարկել է պարբերական հանդիպումների միջոցով նախագծել այնպիսի քայլեր, որոնք կխթանեն այդ կոոպերատիվների արտադրանքի ծավալի մեծացումն և գործունեության կայունությունը: