Մի՞րգ, թե բանջարեղեն
LifestyleՏարածված կարծիք կա, որ մրգեր եւ բանջարեղեն շատ օգտագործելը արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնում է։ Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ մրգեր ուտելը բարձրացնում է աթերոսկլերոզի, ինֆարկտի եւ ինսուլտի զարգացման ռիսկը: Բացի այդ, մրգերով կշտանալը դժվար է։ Նրանք ֆրուկտոզա են պարունակում, որն ավելի քիչ է կալորիական, քան գլյուկոզան, բայց մյուս կողմից, հենց գլյուկոզան է նպաստում ինսուլինի արտադրմանը, որն էլ ուղեղին հայտնում է կուշտ լինելու մասին: Իսկ ֆրուկտոզան կշտացածության զգացում չի առաջացնում, այդ պատճառով էլ օրական նորման հեշտությամբ կարելի է գերազանցել։
Բացի այդ, պարզվել է, որ մրգերը կարող են բարձրացնել արյան ճնշումը: Ատամնաբույժները պնդում են, որ խնձորը, տանձը եւ ցիտրուսային մրգերը կարող են կարիես առաջացնել։ Այդ բոլոր թերություններից զերծ է բանջարեղենը։ Հենց այդ պատճառով էլ դիետոլոգները խորհուրդ են տալիս բանջարեղեն ավելի հաճախակի ուտել :
Մրգերն առողջ սննդակարգի կարեւոր բաղադրիչն են, բայց հատկապես ավելորդ քաշ կամ սիրտ–անոթային խնդիրներ ունենալու դեպքում չափավորման կարիք կա: