ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին
Հասարակություն2016 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի պահման պայմանների ուսումնասիրության նպատակով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և ար ագ արձագանքման վարչությունների մասնագետները 2017 թվականի փետրվարի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից: Կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները: Մարտիրոս Հակոբյանը բարձրացրել է կենցաղի ապահովման հետ կապված հարցեր, որոնք աշխատանքային կարգով քննարկվել են վարչակազմի հետ։
Պահման պայմանների վերաբերյալ այլ հարցեր չեն բարձրացվել: Ժիրայր Սեֆիլյանի կողմից բարձրացվել է իր պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու մասին հարցը: Պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու, ինչպես նաև արձանագրված այլ խնդիրների կապակցությամբ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ: