Բելառուսն սկսել է իրանական նավթ գնել՝ ՌԴ-ից մատակարարումների փոխարինման համար. Reuters
ՏնտեսությունԲելառուսի «Բելօյլն» Իրանի ազգային նավթընկերությունից (NIOC) 80 հազար տոննա նավթի գնման պարտավորագիր Է կնքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով չորս աղբյուր: Սա նավթի մատակարարումների առաջին գործարքն Է Բելառուսի եւ Իրանի միջեւ, նշել Է գործակալությունը: «Բելօյլ»-ում եւ NIOC-ում մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:
Նավթի առեւտրականների շրջանում աղբյուրների համաձայն՝ լցանավերի բեռնումը կարող Է սկսվել փետրվարի 20-ի կողմերը: Մատակարարումների լոգիստիկան մինչեւ վերջ հասկանալի չԷ, բայց հավանաբար, իրանական նավթը նախ կհասցվի Սեւ ծովում Օդեսայի նավահանգիստ կամ Էլ Բալթիկ ծովում Վենտսպիլս, իսկ այնուհետեւ երկաթուղով կտեղափոխվի Բելառուս:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Բելառուսն ակտիվորեն նավթի այլընտրական աղբյուրներ Է որոնում Ռուսաստանից մատակարարումների սահմանափակման ֆոնին: