Սերգեյ Մովսեսյանը հաղթանակով է մեկնարկել «Աէրոֆլոտ Օփեն»-ում
ՍպորտՄոսկվայում մեկնարկեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մասնակիցների թվում ավանդաբար շատ են Հայաստանի ներկայացուցիչները, իսկ փառատոնի գլխավոր` «A» խմբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը, աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Ընդհանուր առմամբ, «A» խմբում հանդես են գալիս 98 շախմատիստ, այդ թվում` 73 գրոսմայստեր, 21 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետներ:
«Աէրոֆլոտ Օփեն»-ի առաջին տուրում Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տարավ, Տիգրան Հարությունյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը պարտություններ կրեցին:
«B» խմբում Հայաստանն ունի 14 պատվիրակ: Առաջին տուրում մեր մասնակիցներից հաղթանակներ տարան Տիգրան Քոթանջյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
«C» խմբում հանդես եկող՝ Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը` Արթուր Ղարագյոզյանն ու Ազատ Թավաքալյանը հաղթեցին, իսկ Վահե Դանիելյանն ու Արփինե Գրիգորյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: