Ռունին որոշել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին որոշել է չհեռանալ անգլիական ակումբից՝ չնայած Չինաստանի Սուպերլիգայից ստացած գայթակղիչ առաջարկին, գրում է Sky Sports-ը:
Վերջերս բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անգլիացի հարձակվողը որոշում է կայացրել տեղափոխվել չինական ակումբ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նրա գործակալին թույլ է տվել սկսել բանակցություններ: Չինաստանում 31-ամյա Ռունիի ծառայություններով հետաքրքրված են «Գուանչժոու Էվերգրանդն» ու «Բեյցզին Գոանը»: Նրանք Անգլիայի հավաքականի ավագին առաջարկում էին շաբաթական մեկ միլիոն եվրո աշխատավարձ, ինչը նրան կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Սակայն Ռունին մերժել է եւ ցանկանում է շարունակել ելույթներն անգլիական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամռանը:
Հիշեցնենք, որ Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 28-ին: Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 17 խաղում դարձել է 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: