Հայաստանը մյուս տարի կարող է հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի. Վարդան Արամյան
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ ապագայում Հայաստանը հավակնելու է տնտեսական աճի բարձր ցուցանիշների, ինչի դեպքում հնարավոր կլինի լուծել սոցիալական խնդիրներ ու արձանագրել պետական պարտքի կայուն մակարդակ: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ կառավարությունը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիր առաջիկա երեք տարիների համար:
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ մենք ապագայում հավակնելու ենք տնտեսական աճի ավելի բարձր թվերի, որովհետև եթե մենք ցանկանում ենք սոցիալական խնդիրներ լուծել, պետական պարտքի կայուն մակարդակ ապահովել, մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան, օրինակ 3.2 տոկոսն է, որը մենք այս տարվա համար խոստացել ենք»,-ասաց նախարարը:
Նախարարը վստահեցրեց, որ մյուս տարվա համար Հայաստանի կառավարությունը կարող է հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի: «Իսկ դրանից հետո մենք կարող ենք հավակնել շատ ավելի բարձր ցուցանիշների: Դա կախված կլինի մեր հաջողություններից: Ես չեմ ցանկանում առաջ վազել, որովհետև մի փոքր ժլատ եմ անիրականանալի խոստումներ հնչեցնելու հարցում: Մենք մի կարևոր սկզբունք ենք որդեգրել` ներկայացնել այն, ինչ անելու ենք»,- եզրափակեց նախարարը: